«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Տերեփուկը` որպես դեղամիջոց

 Տերեփուկը` որպես դեղամիջոց
07.06.2012 | 02:09

Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, մինչև 60 սմ բարձրությամբ, թավոտ, նշտարաձև տերևներով, կապույտ ծաղիկներով տերեփուկը, որի օգտակար հատկանիշների մասին նշվել է դեռևս 12-րդ դարի հայկական բժշկական ձեռագրերում, աճում է հացահատիկային մշակաբույսերի ցանքերում, թփուտներում և ավազակավային հողերում: Բուժման նպատակով օգտագործում են միայն տերեփուկի լրիվ բացված ծաղիկները, որոնք հավաքում են ձեռքով` հունիս-հուլիսին, չորացնելով ստվերոտ, քամահարվող տեղում:
Մեծ բժիշկ-վիրաբույժ Ամիրդովլաթ Ամասիացին իր «ՈՒսումն բժշկության» (1459 թ.) և «Օգուտ բժշկության» (1469 թ.) գիտամատյաններում, հավաստի տվյալներ բերելով դեղաբույսի ազդեցութjան վերաբերյալ, նշել է, որ տերեփուկի և կաղնու պտուղների համատեղ խառնուրդի եփուկը բուժում է միզակապությունը, ջրգողությունը, նեֆրիտը, իսկ ծաղիկներից պատրաստված թուրմը` դեղնուկը և աչքերի, լեղուղիների, լյարդի ու մրսածության հետ կապված մի շարք հիվանդություններ:
Ծաղիկներից պատրաստված եփուկը Ամիրդովլաթն օգտագործել է նաև կանացի ցիկլի խանգարման և միզաքարային դիաթեզների ժամանակ: Օգտագործելուց հետո հիվանդի մեզի մեջ անհամեմատ պակասել են աղային նստվածքներն ու բորբոքային տարրերը: Հնդկաստանում դեղաբույսն օգտագործվել է որպես օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը բարձրացնող միջոց:

Կիրառման եղանակները

Թուրմ պատրաստելու համար 10 գ հումքի վրա լցնել 200 մլ եռացրած ջուր` թողնելով 10 րոպե: Հովանալուց հետո այն օգտագործել ուտելուց 20 րոպե առաջ` օրը 3 անգամ, 1/4 բաժակի չափով:
Եփուկ պատրաստելու համար 1 թեյի գդալ հումքը 1 բաժակ ջրում եռացնել 10 րոպե, քամել: Հովանալուց հետո այն օգտագործել օրը 3 անգամ, 2 ճաշի գդալ: Նշված եփուկը կարելի է օգտագործել նաև որպես թրջոց:
Ոգեթուրմ պատրաստելու համար տերեփուկի չոր ծաղկաթերթերը 1/10-ի հարաբերությամբ խառնել 40 աստիճանի սպիրտի հետ` թողնել 1 շաբաթ, քամել: ՈՒտելուց առաջ այն ընդունել 20-ական կաթիլ` օրը 3 անգամ:
Որպես հակառևմատիկ միջոց վերցնել 5-ական գրամ տերեփուկի, վաղենակի, քաջվարդի, թանթրվենու ծաղիկներ, կեչու տերև, բեկտենու կեղև և գիհու պտուղներ: Խառնուրդից 3 ճաշի գդալ ավելացնել 1/2 լիտր եռման ջրին` 10 րոպե եռացնելուց հետո, քամել: Ստացված թուրմը ուտելուց առաջ ընդունել` օրը 3-4 բաժակ:
Նշենք, որ տերեփուկից ստացվող վառ երկնագույն ներկը օգտագործվում է կոսմետիկայում, սննդի արտադրության մեջ և ներկարարության ոլորտում: Հավելենք նաև, որ բույսի ծաղիկներից արձակվող դառը հոտի պատճառով կենդանիները բնազդաբար խուսափում են այն ճարակելուց:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ